Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազ Փրիթ Բհարան մեղադրանք է ներկայացրել Gozy վիրուսի երեք ստեղծողների, այդ թվում ռուսաստանցի Նիկիտա Կուզմինին,  որոնք բանկային հաշիվներից գողացել էին տասնյակ միլիոնավոր դոլարներ:

ԱՄՆ-ում ձերբակալված Կուզմինը 2011թ. մայիսին խոստովանել էր իր մեղքը եւ քննության հետ համագործակցելու մասին փաստաթուղթ ստորագրել: Նրան ներկայացված մեղադրանքի դեպքում առավելագույն պատժաչափը  95 տարվա ազատազրկումն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նրա հետ նույն գործով մեղադրվող «Մայամի» մականվամբ Լատվիայի քաղաքացի Դենիս Կալովսկիսը եւ «Վիրուս» մականվամբ Ռումինիայի քաղաքացի Միխայ Պաունեսկին 2012թ. նոյեմբերին եւ դեկտեմբերին կալանավորվել էին իրենց պետություններում`Նյու Յորքի դատախազության հարցմամբ, սակայն դեռ չեն արտահանձնվել ԱՄՆ:

Մեղադրյալները մի շարք վիրուսների օգնությամբ  ամբողջ աշխարհի, ներառյալ ԱՄՆ-ի բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ էին ստացել` գումարներ հանելով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշիվներից:   Նրանք վարակել էին ավելի քան 40 հազար համակարգիչ, հայտնել է դատախազությունը: