Բահրեյնի արքայադուստր Նուրա բինտ Իբրահիմ ալ Խալիֆին դատարանը մեղադրանք է առաջադրել`  2011 թ.  հակակառավարական ցույցերի ժամանակ ձերբակալված երեք ակտիվիստներին խոշտանգելու համար:

29-ամյա արքայադուստրը, ով Ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի դեպարտամենտում գաղտնի գործակալ է աշխատում, մեղադրվում է խոշտանգման երեք դեպքերի համար, հայտնում է PressTV։ Քննության կարծիքով, ալ-Խալիֆիի գործողություններից տուժել են մասնագիտությամբ բժիշկ, եղբայրներ Հասան եւ Բասամ Դայֆերը, որոնց հարցաքննության ժամանակ, արքայադուստրը կտտանքների է ենթարկել դագանակով եւ ռետինե խողովակով, ինչպես նաեւ այրել է նրանց դեմքը շիկացած մետաղական լարով։

Արքայադստերը նաեւ մեղադրում են 21-ամյա աղջկա խոշտանգման մեջ, որին ձերբակալել էին հանրահավաքի ժամանակ իր բանաստեղծությունը կարդալու համար: Նրան ծեծի են ենթարկել եւ սպառնացել բռնաբարել:

Արքայադստեր մասնակցությամբ սադիստական հարցաքննությունների մասին  զոհերը պատմել են դեռ 2011թ-ի հոկտեմբերին: