Լոնդոնում Ազատ խոսքի կենտրոնում հունվարի 30 -ին տեղի կունենա «Զարմանալի Ադրբեջան» նոր փաստագրական ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված տագնապալի իրավիճակի մասին, հաղորդում է կենտրոնի կայքը:
Ֆիլմը երկու երկրների պատմություն է. մեկը փայլուն ժողովրդավարական հանրապետություն է, որը կառավարությունը հպարտորեն ցուցադրում է լրագրողներին եւ բարձրաստիճան անձանց, մյուսը` կոռումպացված եւ ռեպրեսիով երկիր, որտեղ բլոգերները ձերբակալվում են կեղծ մեղադրանքներով, խաղաղ ցուցարարները ծեծի են ենթարկվում, իսկ լրագրողները` սպառնալիքի, շանտաժի, նրանց անգամ սպանում են:
Ֆիլմում ներկայացվում է արագ շրջագայություն Բաքվում 2012 թ. «Եվրատեսիլ» մրցույթի նախօրեին, ինչպես նաեւ ադրբեջանցի ակտիվիստների եւ ներգաղթյալների կարծիքներն այն մասին, թե իրենց երկրի համար ինչ է նշանակում լինել եվրոպական ակումբի անդամ, եթե դա ընդհանրապես ինչ-որ բան նշանակում է: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ քննարկում:





























