Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնում եւ ՀՀ նկարիչների միությունում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Գեղագիտության ազգային կենտրոնում բացված «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ ՀՀ նկարիչների միության ցուցասրահում` երիտասարդ ստեղծագործողների հանրապետական հինգերորդ հոբելյանական ցուցահանդեսի մասնակիցների գործերը:
Շնորհավորելով ներկաներին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ վարչապետը նշել է. «Շատերը հիշում են, որ տարիներ առաջ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ փորձ արվեց Սուրբ Սարգսի տոնը դարձնել ավանդական: Տարեցտարի այս տոնն ավելի մեծ շուքով է նշվում Հայաստանի Հանրապետությունում եւ ավելի մեծ զանգվածներ են ներգրավվում այս տոնակատարությանը: Ուրախ եմ, որ Սուրբ Սարգսի տոնը որպես ազգային ավանդույթ վերականգնվում է եւ լայն տարածում գտնում Հայաստանում»:
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երեւանի սիրահարների այգում կազմակերպված միջոցառմանը, որում եւս նշվել է երիտասարդների եւ սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնը: Միջոցառումը, որին ներկա են եղել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ բազմաթիվ երիտասարդներ, անցկացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:





























