Տեւական եւ բարձր հիստերիայից ու աղմուկից հետո, որ բարձրացրել էր ադրբեջանական կողմը Euronews-ի «Լեռնային Ղարաբաղ. Փոփոխություններին քամին» հաղորդումից հետո, հեռուստաընկերության ղեկավարությունը, թերեւս, չընդհատվող մեղադրանքներից ազատվելու համար, ստիպված էր մեկ այլ ֆիլմ նկարել՝ «Ադրբեջանական փախստականների ճամբարում» եւ հարցազրույց անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Սակայն, ինչպես եւ հարկ էր սպասել, Ադրբեջանի նախագահին չհաջողվեց խուսափել եվրոպացի լրագրողի սրատես աչքից ու սուր հարցերից:

Թղթակցի դիպուկ դիտարկմանը, թե որոշ անձանց կարծիքով ինքը ղեկավարում է երկիրն ինչպես հետխորհրդային բռնապետություն, Ալիեւը (սուր արտահայտված ափսոսանքով) նկատել է, թե նման արտահայտությունները վիրավորական են իր համար:
«Երբեմն մենք դառնում ենք լիովին անհիմն, բացարձակ կողմնակալ քննադատական հարձակումների թիրախ, լինեն դրանք միջազգային ԶԼՄ-ներ, թե այսպես կոչված միջազգային իրավապաշտպան խմբեր»,- հայտարարել է ադրբեջանական առաջնորդը՝ երեւի նկատի ունենալով Նորվեգական Հելսինկյան կոմիտեն կամ էլ ԵԽԽՎ բազմաթիվ զեկույցները Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին:

Ալիեւի խոսքով, Ադրբեջանը որպես հակաժողովրդավարական երկիր ներկայացնելու բոլոր այդ փորձերն անընդունելի են. «Մենք հասկանում ենք, որ որքան աճում է Ադրբեջանի նշանակությունը, աշխարհի բոլոր կողմերից ավելանալու են նաեւ Ադրբեջանի վրա ազդելու փորձերը»:

Ի պատասխան Ադրբեջանի «բարձր նշանակության» մասին վերամբարձ պնդումների՝ լրագրողը նկատել է . «Իսկ ի՞նչ կասեք այն պնդումների մասին, որ Ադրբեջանում ընդդիմությունը զրկված է իրական քաղաքական հնարավորությունից, եւ դուք զրկում եք խոսքից ձեր բազմաթիվ ընդդիմախոսներին»:

Բայց եւ այստեղ էլ Ադրբեջանի նախագահը «Ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ լսել» սկզբունքով փորձել է պնդել այն կատարյալ պայմանների մասին, որում ապրում է ադրբեջանական ժողովուրդը. Ահա, ըստ Ալիեւի, թե ինչու է ընդդիմությունն Ադրբեջանում նման աղետալի վիճակում: «Քանի որ Ադրբեջանի ժողովուրդն ապրում է ավելի ու ավելի լավ: Ի՞նչ կարող է տալ ընդդիմությունն այդ պայմաններում»:

Սակայն սրանից հետո էլ լրագողը չի կորցրել իրեն եւ հիշեցրել է նախագահական ժամկետները երկարաձգելու մասին, որ ընդունվել է 2009 թ. մարտին. «Դուք ուզում եք իշխանությանը մնալ հավե՞րժ»,- հարցրել է լրագրողը։

«Գիտե՞ք, դա չի արվել հատուկ պատճառներով։ Այդպիսի պրակտիկա գոյություն ունի շատ երկրներում»,- նշել է Ալիեւը։ «Դեմոկրատականներում՝ ոչ»,- ավելացրել է լրագրողը։

Հենց այստեղ էլ Ալիեւը սայթաքել է՝ օրինակ բերելով երկրների, որտեղ պետության գլուխը թագավորն է, իսկ վարչապետն էլ անընդմեջ կարող է ընտրվել թեկուզ հինգ անգամ։

Զարմացած լրագրողը հարցրել է. «Դուք ձեզ երբեմն թագավոր չե՞ք զգում»: Գիտակցելով իր ասածի աբսուրդայնությունը՝ Ադրբեջանի նախագահը սկսել է «շրջանցել». «Ոչ, ոչ. ես ինձ գործադիր իշխանության գլուխ եմ համարում։ Եթե ժողովուրդն ունի ընտրություն եւ ընտրելու իրավունք…»:

«Իսկապես, եթե»,- նկատել է լրագրողը։

Փորձելով ելք գտնել իրավիճակից՝ Ալիեւը սկսել է խոսել այն մասին, որ եթե Ադրբեջանը չի խառնվում եվրոպական երկրների գործերին, ի՞նչ իրավունք ունեն նրանք խառնվել Ադրբեջանի գործերին։
«Թեպետ կան շատ բաներ, որոնք դուր չեն գալիս մեզ, բայց մենք չենք խոսում դրանց մասին»,- հայտարարել է Ալիեւը։

Նրա այս համոզմունքին ի պատասխան՝ լրագողը խնդրել է որեւէ օրինակ բերել, բայց նախագահը, պատասխան չգտնելով, շարունակել է. «Մենք ոչինչ չենք ասում եւ մեզ չափազանց նրբանկատ ենք պահում։ Երկրի ներքին խնդիրները, պատմությունը, քաղաքական համակարգը եւ առաջնորդների հետ ժողովրդի հարաբերությունները պետք է թողնել այդ երկրի ժողովրդին»:

«Այո, բայց Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ է»,-նկատել է լրագրողը, ինչն ավելի է զայրացրել նախագահին։

«Եթե որեւէ մեկն իր նպատակներին հասնելու համար ուզում է օգտվել ժողովրդավարական չափորոշիչներից, մենք դա թույլ չենք տա»,- ամփոփել է Ալիեւը։