Մի քիչ զարմանալի էր նախագահի երեք թեկենածուների հայտարարությունն այն թեմայով, որի մասին Արման Մելիքյանը երկար ժամանակ խոսում էր: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Պարույր Հայրիկյանի համատեղ հայտարարությանը՝ երկրից բացակայողների ցուցակը հրապարակելու պահանջով:

Նա շեշտեց, որ էթիկան պահանջում էր, որ իրենք Արման Մելիքյանին դիմեին, կամ գոնե նրա անունն էլ գրեին հայտարարության ներքեւում: Նախագահի թեկնածուն շեշտեց, որ նույնիսկ իդեալական ցուցակների դեպքում այս ընտրություններն անօրինական են, բայց ամեն դեպքում, այդ նախաձեռնության հեղինակը Արման Մելիքյանն է: «Նույնիսկ այդ երեք թեկնածուները չեն ուզում, որ իրենց եռամիասնությունը հաղթի, ճիշտ կլիներ, որ եթե գոնե հայտարարություն էին անում, Արմանին էլ հրավիրերին»,- ասաց նա:

Նախագահի թեկնածուին առաջարկ չի եղել՝ միանալու հայտարարությանը:  Արամ Հարությունյանն առաջարկում է  երեք թեկնածուներին համատեղ հանրահավաք անել եւ «լցնել հրապարակը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն են տարածել` ներկայացնելով իրենց մտահոգությունները ընտրությունների կապակցությամբ: Նրանք պահանջում են հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները:

Իսկ ավելի վաղ ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ԿԸՀ-ից խնդրել էր ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, Հայաստանից հեռացածների ու ՀՀ քաղաքացիությունից դուրս եկածների մասին տեղեկատվություն, սակայն նրան մերժել են:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am