Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կապերը Հայաստանի ղեկավարության հետ, եւ նրանց կողմից Հարավային Կովկասի ռուսական ռազմական խմբավորման ստուգումը խիստ կարեւոր քայլ էր ղարաբաղյան սրված հակամարտության պայմաններում, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն` ամփոփելով ՌԴ ՊՆ ղեկավարի այցը Հայաստան:

«Մոսկվայում կատակով չեն ընդունել պաշտոնական Բաքվի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը հրաման են ստացել վերացնել «իր օդային տարածք անօրինական մտած» բոլոր քաղքացիական օդանավերը»,- գրել է պարբերականը: Ըստ ռուս փորձագետների` Բաքվի այդպիսի դիրքորոշումը կարող է պատերազմի հանգեցնել:

Բաքուն այդպիսի հնարավորություն ստացել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը` հրաժարվելով Իրանի հետ համապատասխան պայմանագրից, 2010 թվականին Ադրբեջանին  է վաճառել ամենաժամանակակից եւ շատ պարամետրերով աշխարհում նմանը չունեցող «Ֆավորիտ» զենիթա-հրթիռային համակարգի (ԶՀՀ) երկու դիվիզիա, որոնք ի վիճակի են վերահսկել Լեռնային Ղարաբաղի երկնային տարածությունը: ՌԴ ՊՆ-ում «ՆԳ»-ի աղբյուրները հաղորդել են, որ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալման երկարացման հետ կապված աղմկահարույց բանակցությունների տապալումից հետո, ՌԴ նեկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ է հայտարարել  «Ֆավորիտ» ԶՀՀ-ի երրորդ դիվիզիան Ադրբեջանին վաճառելու որոշումը:

ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրները տեղեկացնում են, որ ռուսական պատվիրակության անդամները ոչ պաշտոնական մակարդակով Հայաստանի իշխանություններին խորհուրդ են տվել Ղարաբաղի տարածքով քաղաքացիական օդանավերի թռիչքներ չսկսել: Միաժամանակ բանակցություններում հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին  պայմանագրի նախագծի մանրամասների քննարկմանը, որը երկու երկրների ղեկավարները կստորագրեն մոտ ժամանակում:

«Ռուսաստանը վերջապես դեմքն ուղղում է Հարավային Կովկասի իր գլխավոր եւ ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի կողմը:  Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդումը տարածաշրջանում կայունության երաշխավորն է: Դա զսպող փաստ է Ադրբեջանի համար, որը ձգտում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով», – ասել է գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչեւը, որը ավելի քան հինգ տարի Հարավային Կովկասում ռուսական զորքերի խմբի հրամանատարի տեղակալն է եղել: 

«Նորագույն «Ֆավորիտ» ՀՕՊ համալիրներն Իրանի փոխարեն Ադրբեջանին վաճառելը սխալ քաղաքական հաշվարկ էր, ավելի շուտ՝ Դմիտրի Մեդվեդեւի աշխարհաքաղաքական սխալը... Հին պայմանավորվածություններն այժմ շատ դժվար է շտկել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ ունեցածը, որը մեծացնում է ռազմական բյուջեն եւ Ռուսաստանի ու նրա դաշնակիցների շահերին հակասող գործողություններ կատարում», – կարծում է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am