«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն ազդվել է Հանրապետական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպումների տեսագրությունից: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` Արամ Հարությունյանը:
Նա նշեց, որ նախագահն այդպես չպետք է խոսի քաղաքացիների հետ, մասնավորապես՝ գյուղացուն չասի, թե «ե՞ս եմ մեղավոր, որ որդիներդ այստեղ չեն» եւ այլն: Մյուս կողմից էլ, Արամ Հարությունյանի համար բնական է, որ այդպես պետք է լիներ, քանի որ մարդու շրջապատը շատ է ազդում իր վրա, իսկ Սերժ Սարգսյանի շրջապատը Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), Առաքել Մովսիսյանը (Շմայս), Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո), Մհեր Սեդրակյանն (Թոխմախի Մհեր) են:
Նա կոչ է անում ապագա նախագահներին՝ չմոռանալ, որ մի օր նախագահ չեն լինելու եւ մի գյուղում բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ են զբաղվելու:
Անդրադառնալով մյուս թեկենածուների հանդիպումներին՝ Արամ Հարությունյանն ասաց, որ «20-տոկոսանոց թեկնածուի» հանդիպումներ չի տեսնում, իսկ օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում հստակ էր, որ առկա է մրցակցող թեկնածու:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























