Նախագահի թեկնածուին հարիր չէ հացադուլի միջոցով քաղաքական պայքար մղելը: Թող Անդրիաս Ղուկասյանը մասնակցի քարոզարշավին եւ ժողովրդին ասի այն ամենը, ինչ մտածում է: Այդ մասին այսօր՝ հունվարի 30-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտը նախընտրական շրջանում նորմալ չէ: «Քարոզարշավն իր նպատակին չի ծառայում եւ ձեւական բնույթ ունի: Մարդկանց վերաբերմունքը բոլոր թեկնածուների, այդ թվում՝ գործող նախագահի հանդեպ, բացասական է», - նշել է Ռուբեն Թովմասյանը:

Նա ընտրություններին չմասնակցելու Կոմկուսի որոշումը բացատրել է նրանով, որ աննպատակահարմար է առաջադրվել մի իրավիճակում, երբ երկրի բոլոր ռեսուրսները եւ կադրերն աշխատում են մի անձի համար: «Չարժե պայքարի մեջ մտնել միայն հանուն պայքարի: Ու թեեւ ներկա իրավիճակին, սոցիալիստական գաղափարախոսությունը շարունակում է կշիռ հավաքել: Աշխարհի բնակչության 40%-ը սոցիալիստական համակարգում է ապրում», - ընդգծել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը: Թովմասյանը նաեւ նշել է, որ  ընտրություններին չմասնակցելը ոչ մի կերպ չի վնասի Կոմկուսի հեղինակությանը, քանի որ ներկա իրավիճակում գաղափարախոսությունների միջեւ պայքար չկա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am