Երեւանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այն ուղարկվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am-ը տեղեկանում է, որ հունվարի 8-ին գործն ընդունվել է վարույթ: Վերելակի ընկնելու գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Սասնա Ծռեր 2 հասցեում կառուցվող բարձրահարկ շենքում ներքին հարդարման աշխատանքներ իրականացնող «Արտնորոգ շին» ՍՊԸ-ի տնօրեն Արա Հարությունյանին, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:
Ըստ մեղադրական եզրակացության` վերջինս 2012թ. մարտ ամսին «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի խախտմամբ տեղադրել է ինքնաշեն վերելակ, որը 2012թ. հոկտեմբերի 25-ին գերբեռնվածության հետեւանքով խափանվել է եւ վթարվել, ինչն անզգուշությամբ առաջացրել է աշխատակիցներ Հուսիկ Օհանյանի, Յուրա Գոգորյանի մահ եւ Գեւորգ Սաֆարյանի ու Խաչիկ Եփրեմյանի առողջության ծանր վնաս:
Հիշեցնենք, որ Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետեւանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 17.22-ին: Վերելակը, գրանցված չէր ԱԻՆ ռեեստրում եւ չէր անցել փորձաքննություն: Պատահարի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել է երկուական անձինք: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը):





























