Երեւանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետեւանքով երկու տուժածներից մեկը` 45-ամյա Խաչիկ Եփրեմյանը, ով գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Նրա խոսքով` այժմ երկու տուժածները` 45-ամյա Խաչիկ Եփրեմյանը եւ 60-ամյա Գեւորգ Սաֆարյանը, գտնվում են բաժանմունքում, երկուսի վիճակն էլ բժիշկները գնահատել են միջին ծանրության: Հայտնի չէ` երբ տուժողները դուրս կգրվեն հիվանդանոցից:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետեւանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 17.22-ին: Վերելակը, գրանցված չէր ԱԻՆ ռեեստրում եւ չէր անցել փորձաքննություն: Պատահարի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել է երկուական անձինք: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը):



























