Հայ ազգային կոնգրեսում գաղտնի նիստեր են անում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը, ով նիստի մասին իմացել է NEWS.am-ի թղթակցից, նրան տեղյակ չէին պահել: «Ես կարող եմ  պաշտոնապես հայտարարել,  որ իրենք գաղտնի նիստեր են անում, բոլոր աշխատակարգերը խախտում են, չգիտեմ ոնց բնորոշեմ` անպարկեշտություն, անպատկառություն, անշնորհքություն, չգիտեմ` ինչ ասեմ»,- ասաց նա:

Նրա խոսքով`քանի որ այժմ առանձնակի անելիք չկա, նիստերը մշտապես չեն լինում, պայմանավորվածություն կա, որ ամեն նիստից առաջ տեղյակ պահեն. «Երեւի ինչ-որ մարդիկ, որոնք որոշումներ են ընդունում, հանձնարարել են այդ քարտուղարին, որը միշտ զանգում էր ինձ, որ չզանգեն, հասել են արդեն այդ աստիճանի: Էլ ո՞վ պիտի անի, Զուրաբյանից  բացի, ոչ ոք չի անի դա, այդ աշխատողները ենթարկվում են Զուրաբյանին»,- ասաց Սսո Գիմիշյանը:

Նա նշեց, որ «ամեն ինչ անում են, որ այն քաղաքական ուժերը, որոնց կարծիքը բացարձակապես չի համընկնում որոշ մարդկանց կարծիքի հետ, որոնց դիրքորոշումը խանգարում է քաղաքականությամբ զբաղվել որպես բիզնես, այդ մարդկանց դուրս մղել քաղխորհրդից»: «Իրենց ձեռնտու է մնան նրանք, ովքեր հլու, հնազանդ կենթարկվեն իրենց ծրագրերին եւ դիրքորոշումներին, ուրիշ ի՞նչ հետեւություն կարելի է անել»,- ասաց Գիմիշյանը:

Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, հնարավո՞ր է ՀԱԿ-ից դուրս գա, կուսակցության ղեկավարը պատասխանեց, որ  եթե ՀԱԿ անդամ քաղաքական ուժը հնարավորություն չունի նիստերին մասնակցել, դրանք գաղտնի են արվում եւ չի կարող ազդել որոշումների ընդունման վրա, այդտեղ մնալը արդեն անիմաստ եւ վիրավորական է դառնում: Սոս Գիմիշյանը հույս ուներ, որ ՀԱԿ-ում առողջացման պրոցես կլիներ, իսկ հիմա, երբ ընտրել են այս ճանապարհը, մինչեւ վերջ կսպասի եւ կտեսնի իրենց գործելակերպը, ուղին, ապա կորոշի անելիքը:

Սոս Գիմիշյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա նիստի մասին եւս տեղյակ չէին պահել, եւ եթե մի անգամի դեպքում կարելի էր տեխնիկական խնդիր համարել, ապա երկրորդ անգամ արդեն դա քաղաքական է:

Ինչ վերաբերում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի ՀԱԿ քաղխորհրդի նիստին չմասնակցելուն, ապա նա նշեց, որ  երեկ մի երկու ժամ հանդիպման է եղել` ժամը 13.30-15.30, իսկ մինչեւ այդ եւ դրանից հետո էլ նրան չեն տեղեկացրել, հնարավոր է այդ ընթացքում զանգած լինեն, բայց այդ ժամանակ հեռախոսը իր մոտ չի եղել:

Հարցին, թե նախորդ շաբաթվա նիստին մասնակցե՞լ եք, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Նախորդ շաբաթ նիստ չի եղել, որովհետեւ «նաչալնիկը» Բրյուսելում էր», նկատի ունենալով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին եւ ասելով, որ «ոմանց համար նա նաչալնիկ է, իր համար` չինովնիկ»:

Մեր դիտարկմանը, թե Սոս Գիմիշյանին եւս տեղյակ չեն պահել կայանալիք նիստի մասին եւ կասկածներ ունի, որ դա Լեւոն Զուրաբյանն է արել, Մակեյանը չբացառեց` ասելով, որ «Զուրաբյանը խարդավանքների մեծ վարպետ է»:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին կայացաել է ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել են ներքաղաքական հարցեր: ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ-ական պատգամավոր Լուդմիլա Սարգսյանը հաստատել էր, որ նիստին չեն մասնակցել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Սոս Գիմիշյանը, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչը: «Ինչ վերաբերում է  Գիմիշյանին եւ Մակեյանին, չեն մասնակցել, ինչ վերաբերում է ՀԺԿ ներկայացուցիչ Ստեփան Մինասյանին, ապա տեղյակ էինք, որ տեխնիկական պատճառներով ներկայացուցիչը չէր կարող ներկա լինել, որեւէ խնդիր չկա»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ Սոս Գիմիշյանը եւ Պետրոս Մակեյանը չեն մասնակցել նիստին, նա պատասխանել էր որ չի կարող ասել: Մեր դիտարկմանը, թե նրանք մեզ հետ զրույցում նշել են, որ տեղյակ չեն եղել, որ նիստ է լինելու, չեն տեղեկացրել այդ մասին, Լյուդմիլա Սարգսյանը շեշտեց, որ «դա այդպես չէ, բոլորը տեղեկացված են լինում քաղխորհրդի նիստից առաջ»: