Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը փետրվարի 8-ին արտգործնախարարությունում հանդիպել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարինե Ղազինյանը ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, եվրոպական ինտեգրման գործընթացը, կովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը:
Նախարարի տեղակալը հանգամանալից խոսել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության, գործընկեր երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության, նաեւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին:
Փոխնախարար Ղազինյանն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, ինչպես նաեւ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:




























