Թեեւ Ուկրաինայի նախագահական ընտրություններում այս պահի դրությամբ հաղթող Վիկտոր Յանուկովիչը ռուսամետ գործչի համարում ունի, սակայն նա կարող է շարունակել Ուկրաինայի ինտեգրումը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Նման կարծիք է հայտնել լեհական ամենահայտնի պարբերականներից մեկի` Gazeta Wyborcza-ի մեկնաբան Մարչին Վոյչեխովսկին: Նրա խոսքով, Յանուկովիչը շատ է փոխվել 2004 թվականի նախագահական ընտրություններում իր պարտությունից հետո, որը հաճախ անվանում են նարնջագույն հեղափոխություն:

«Քաղաքական գործիչը, որը նման պարտությունից հետո չհեռացավ քաղաքականությունից, պետք է որ ուժեղ լինի, ինչը հարգանքի է արժանի»,- ասել է մեկնաբանն ու հավելել, որ Յանուկովիչի այս հաղթանակը համեմատում են 1995 թվականին Լեհաստանում Լեհ Վալենսայի «Սոլիդարնոստ» շարժման պարտության հետ, երբ նրան փոխարինեց կոմունիստ Ալեքսանդր Կվասնեւսկին, ում ղեկավարությամբ Լեհաստանը ինտեգրվեց ՆԱՏՕ-ին (1999-ին) եւ ԵՄ-ին (2004-ին):

«Պետք է միայն ուկրաինացիներին ցանկանալ, որ Յանուկովիչը լինի նույնպիսի արդյունավետ գործիչ, ինչպիսին Կվասնեւսկին էր: Կարծում եմ, որ եթե մի կողմ նետենք նրա ռուսամետի իմիջը, ապա նա կարող է լինել ուժեղ գործընկեր, որի հետ կարելի է գործ ունենալ»,- ասել է նա ու հավելել. «Ուկրաինան այլ ճանապարհ չունի դեպի Եվրոպա, բացի Լեհաստանից, իսկ Լեհաստանը արեւելքում չունի ավելի լավ գործընկեր, քան Ուկրաինան է»:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, քվեաթերթիկների 90 տոկոսից ավելիի հաշվման արդյունքում Յանուկովիչը մոտ 2 տոկոսով առաջ է իր մրցակցից՝ երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյից: Վերջինս, տեղի ժամանակով ժամը 15-ին ասուլիս է հրավիրել: Նախքան ընտրությունները Տիմոշենկոն հայտարարել էր, որ կեղծիքների դեպքում ինքը ժողովրդին փողոց կհանի: