Շանհայի Ֆուդանի համալսարանի գրականության պրոֆեսոր Դայ Քոնրոնը ութ տարում թարգմանել է Ջեյմս Ջոյսի «Ֆինեգանի հոգեհանգիստը» վեպը։ Չինացիները գնահատել են նրա սխրանքը։ Ութ հազար տպաքանակով 755 էջանոց գիրքը վաճառվել է երեք շաբաթում։

«Ֆինեգանի հոգեհանգիստը», որը կիսով չափ կույր Ջոյսը գրել էր 16 տարում, համարվում է իռլանդացի հեղինակի ամենաբարդ ստեղծագործությունը։ Դրանում 70 լեզուներից բառեր են հանդիպում, այդ թվում՝ ռուսերեն, չինարեն եւ ճապոներեն, ինչպես նաեւ հենց Ջոյսի հորինած արտահայտություններ։

Ըստ Mignews-ի, երբ հրատարակիչը  Դայ Քոնրոնին հայտնել է, որ ութ հազար օրինակ գրքերը երեք շաբաթում վաճառվել են, թարգմանչուհին միանգամից չի հավատացել։ 

Այնուամենայնիվ, գործն անավարտ է, գրքի եւս երկու հատորները դեռ թարգմանված չեն։