Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում վերջին 2 ամսվա ըթնացքում տարեց հայ կանանց դեմ հարձակումների դեմ փետրվարի 3-ին բողոքի երթ են իրականացրել թուրք կանայք:
Թուրքական «Էթհա» կայքի փոխանցմամբ` Ստամբուլի «Ֆեմինիստական կոլեկտիվ»-ի կոչով Քոջամուսթաֆափաշայի հրապարակում հավաքված կանայք իրենց բողոքն հայտնել հայ կանանց դեմ հարձակումների եւ պատկան մարմինների անգօրծության դեմ:
Երթի սկզբում Քայուշ Չալըքմանը հայերենով տեքստ է կարդացել, որից հետո նույն տեքստը թուրքերենով ընթերցել է Դիրեն Շենը: Հայտարարության մեջ քննադատության է ենթարկվել իրավապահների կողմից հարձակումները որպես գողություն ներկայացնելը, ինչպես նաեւ նշվել է, որ իրավապահները որեւէ հստակ պարզաբանում չեն տալիս հարձակումների վերաբերյալ:
Այնուհետ հավաքված կանայք սկսել են երթը` ձեռքերում պահելով. «Ես Մարիցան եմ», «Ես Եվան եմ», «Ես Թուրֆանդան եմ», «Ես Սուլթանն եմ» գրություններով պաստառները:
Կանայք ծափերով շարժվել են դեկտեմբերի 28-ին սպանված Մարիցա Քյուչուքի տան մոտ` հնչեցնելով. «Հայ կանայք միայնակ չեն» եւ Կեցցե կանանց համերաշխությունը» կարգախոսները եւ տան դիմաց ծաղիկներ են թողել: Այնուհետ կանայք երթով անցել են հարձակման ենթարկված մյուս հայ կանանց տների մոտով եւ ուղերձ հղել, որ նրանք միայնակ չեն: Թաղամասի բնակիչները ծափերով են ողջունել բողոքի երթի դուրս եկած կանանց:
Նշենք, որ դեկտեմբերից սկսված Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց դեմ։ Բոլոր հարձակումներն ունեն նույն ձեռագիրը։ Հարձակումներից մեկի ժամանակ հանցագործը կամ հանցագործները դաժանորեն սպանել են Մարիցա Քյուչուքին։ Հարձակումներից երկուսում հանցագործի դաժան ծեծի հետեւանքով 2 տարեց հայ կանայք զրկվել են աչքերից մեկից։ Իսկ մի դեպքում էլ փորձ է արվել առեւանգել հայ կնոջը։





























