Մեծ թատրոնի գլխավոր բալետմեյստեր Սերգեյ Ֆիլինը վստահ է, որ իր վրա հարձակումը կապված է իր նախորդ Գենադի Յանինի աղմկոտ պատմության հետ, որը զրկվել էր պաշտոնից: Այդ մասին նա պատմել է «Վեստի24»-ի հետ հարցազրույցում:
Յանինը բալետի խումբը ղեկավարում էր 2003թ.-ից, սկանդալի կենտրոնում էր հայտնվել 2011թ. մարտին: Համացանցում տեղադրվել էին նրան վարկաբեկող պոռնկագրական բովանդակությամբ լուսանկարներ: Դրանք ուղարկվել էին չորս հազար էլեկտրոնային հասցեների, այդ թվում` խոշոր թերթերի եւ հեռուստաալիքների: Միջադեպից հետո Յանինը հրաժարական էր տվել, գրում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Վինոկուրը, մեկնաբանելով Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակումը, հայտնել էր, որ բալետի պրիմա պարուհի Սվետլանա Լունկինայի ամուսինը` պրոդյուսեր Վլադիսլավ Մոսկալեւը, խնդիր է ունեցել բալետմեյստերի հետ:
Սերգեյ Ֆիլինին հիվանդանոցից դուրս են գրելու այսօր` փետրվարի 4-ին: Նա կուղեւորվի Գերմանիա, որտեղ կշարունակի բուժումը:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին անհայտ անձը Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Սերգեյ Ֆիլինի երեսին ծծմբաթթվի լուծույթ էր լցրել: Նրան հիվանդանոց էին տեղափոխել դեմքի երրորդ կարգի եւ աչքերի այրվածքներով: Նրան երկարատեւ վերականգնողական բուժում է պահանջվում:





























