Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորձի ենթարկված եւ դրա հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում վիրահատության ենթարկված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին ժամը 11.45-ին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Կրծքային վիրաբուժության բաժանունք: Ի դեպ, նա իր ոտքով է գնացել:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:
Նա եւս նշեց, որ Պարույր Հայրիկյանի վիճակը լավ է: Ինչ վերաբերում է աջ ձեռքի ցավին, որի մասին, ի դեպ, ԱԻՄ առաջնորդը քիչ առաջ ասել էր նաեւ NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում, ապա Գագիկ Մանուկյանն ասաց, որ վերջինս ձեռքի ցավեր վաղուց է ունեցել, իսկ այժմ, քանի որ գնդակից հեմատոմա է առաջացել, ճնշում է առաջանում այդ հատվածի վրա, սակայն ոչ մի վտանգավոր բան չկա եւ կամաց-կամաց կվերականգնվի:
Գագիկ Մանուկյանը նշեց, որ վաղը կհանվի արտազտիչ խողովակը, եւ վիրաբույժները կորոշեն, թե երբ նա դուրս կգրվի, հավանաբար՝ երկու-երեք օրից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























