Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն «www.youtube.com» ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, թե քննությամբ պարզվել է, որ պատգամավորների առանձնազրույցը ձայնագրվել է 2012թ. հոկտեմբերի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում` Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի շենքի հարակից տարածքում գործող բացօթյա «Ռիչ» սրճարանում կայացած նրանց հանդիպման ընթացքում:

Քրեական գործով որպես վկա հարցաքննվել են պատգամավորներ Լ.Զուրաբյանն ու Վ.Օսկանյանը, «Ռիչ» սրճարանի տնօրենը, մատուցողներն ու այլ աշխատակիցներ: Միջոցներ են ձեռնարկվել հեռախոսային զանգերին վերաբերող տեղեկությունները համապատասխան կազմակերպություններից ստանալու ուղղությամբ: Օրենքով սահմանված կարգով հարցումներ են կատարվել «www.youtube.com» ինտերնետային կայքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը: Նշանակվել է դատաձայնագրառման փորձաքննություն, զննվել են բազմաթիվ վեբ կայքեր եւ կատարվել են այլ քննչական գործողություններ:

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչությանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով առայժմ հնարավոր չի եղել բացահայտել հանցագործությունը կատարած անձին:

Նախաքննությունը շարունակվում է: