Պարույր Հայրիկյանի մահափորձից հետո նախընտրական քարոզարշավը փոխվեց եւ ստեղծվեց վիրտուալ թշնամու կերպար: Այս մասին, այսօր` փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նրա խոսքով` իր համար անհասկանալի են վիրահատությունից հետո Պարույր Հայրիկյանի արած հայտարությունները:

«Պարտավոր եմ ասել, ինչ մտածում եմ: Անել նման անպատասխանատու հայտարարություն, մանկական տարբերակով, սա քաղաքական ավանտյուրա է: Հակառուսական քարոզ է տարվում: Չգիտեմ, թե ում համար է ասվում կամ գուցե ոգեւորվում են ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարություններից: Լավ, ռուսական ծառայություններն այդքան անորա՞կ են, որ մի մետրից վրիպեն»,- նշեց Արամ Հարությունյան եւ ավելացրեց, որ սա քաղաքական ավանտյուրա է, որին նպաստում են նաեւ իշխանությունները:

Միաժամանակ նա նշեց, որ հասկանում է, որ սցենարը փոխվել է եւ երկրորդ տեղի խնդիր կա` ֆոն են ստեղծում: «Այնպես չի, որ փետրվարի 18-ով հարցը փակվում է: Իշխանությունները պետք է կանգնեին ասեին, որ դա մասնավոր կարծիք է»,- ավելացրեց Արամ Հարությունյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am