«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության կազմից: Այդ մասին, այսօր` փետրվարի 4-ին, ԱԺ նիստում հայտարարել է Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խաչատուր Քոքոբելյանը ասյպիսով, դարձել է անկախ պատգամավոր:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցել են միացյալ ընտրացուցակով, որը գլխավորում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Ցանկում նրան հաջորդում էին Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը (ԱԴ) եւ Ռուբեն Հակոբյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել էր իր մանդատից` հայտարարելով, թե Քոքոբելյանի հետ պայմանավորվածություն ունի, թե «տեղերը պետք է զիջել երիտասարդներին»: Քոքոբելյանը, սակայն հերքել էր Հովհաննիսյանի հայտարարությունը` նշելով, որ նման պայմանավորվածություն գոյություն չունի: Արդյունքում երկու կուսակցությունների միջեւ պառակտում եղավ:

Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցությունում մնում են 4 պատգամավոր, որոնցից մեկը նույնպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ է՝ Ալեքսանդր Արզումանյանը: Սակայն եթե նա եւս դիմում գրի խմբակցությունից դուրս գալու մասին, ապա պետք է վայր դնի մանդատը, քանի որ նախընտրական ցուցակում առաջին եռյակում չի եղել: