Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ անշարժ գույքի եւ եկամտի կրկնակի հարկումը վերացնող համաձայնագիր է ստորագրել: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, դաշնային օրենքը Պետդուման ընդունել էր 2013թ. հունվարի 18-ին, այն Դաշնության խորհրդի կողմից հավանության էր արժանացել 2013թ. հունվարի 23-ին:
Դաշնային օրենքով վավերացվում է 1996թ. դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ անշարժ գույքի եւ եկամտի կրկնակի հարկման մասին օրենքում եւ դրան կից արձանագրությունում փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը, որը Մոսկվայում ստորագրվել էր 2011թ. հոկտեմբերի 24-ին:
Հարկային վերահսկողության արդյունավետության բարձրացման եւ հարկերի վճարման ժամանակ չարաշահումների դեմ պայքարելու նպատակով Արձանագրությունը Համաձայնագիրը լրացնում է 12.1 «Գույքի օտարումից առաջացած շահույթ» հոդվածով, ինչպես նաեւ փոփոխություններ է կատարում 25-րդ՝ «Հարկերի գանձման ժամանակ օգնության ցուցաբերում» եւ 26-րդ՝ «Տեղեկատվության փոխանակում» հոդվածներում:
Արձանագրությամբ հստակեցվում է շինհրապարակի գոյության արտոնյալ ժամկետը, հաստատվում է շահաբաժիններ վճարող կազմակերպությունների մասնակցության հարաբերական շեմը կանոնադրական կապիտալին, որն անհրաժեշտ է նրանց նվազագույն հարկատվության համար, սահմանվում է պետության առեւտրային վարկերի տոկոսային եկամուտների հարկման տոկոսադրույքը:





























