Յուլիա Տիմոշենկոյի բլոկը պատրաստ է անել ամեն բան, որպեսզի հասնի Ուկրաինայի նախագահական ընտրություններում երրորդ փուլի անցկացմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է «Յուլիա Տիմոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավոր Սերգեյ Միշչենկոն: Նրա խոսքով, թեկնածուների ստացած ձայների միջեւ տարբերությունն ավելի քիչ է, քան «մարզերում կեղծիքների չափը»: Ընդ որում, նույն խմբակցությունից Օլեգ Լյաշկոն ասել է, որ հարցականի տակ կարելի է դնել մոտավորապես 1,5 միլիոն ձայներ, այն դեպքում, երբ թեկնածուների ստացած ձայների տարբերությունը մոտ 800 հազար է:

«Ուկրաինսկայա պրավդա»-ի տվյալներով, Տիմոշենկոն իր իրավաբաններին հրահանգել է նախապատրաստվել դատարանում ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները վիճարկելուն: «Ես երբեք չեմ ճանաչի Յանուկովիչի հաղթանակի լեգիտիմությունը նման ընտրություններով»,- ասել է Տիմոշենկոն երեկ կեսգիշերին` խմբակցության նիստի ժամանակ, որն անցել է դռնփակ: Իսկ հրապարակայնորեն Յ. Տիմոշենկոն դեռ չի մեկնաբանել ընտրությունների նախնական արդյունքները:

Ներկայումս Ուկրաինայի ԿԸՀ-ում ամփոփել են քվեաթերթիկների 99,58 տոկոսը, ըստ որի Վիկտոր Յանուկովիչը 3 տոկոսով գերազանցում է Յուլիա Տիմոշենկոյին: Հիշեցնենք, որ ընտրությունների 2-րդ փուլը կայացել է փետրվարի 7-ին: