Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր չէ ներկա գտնվել երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` փետրվարի 8-ին խորհրդարանում կայանալիք ելույթին, քանի որ չի պատրաստվում լսել նրա հիմարությունները: Այս մասին Իվանիշվիլին հայտարարել է այսօր` փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:
Փետրվարի 8-ի ամենամյա խորհրդարանական ելույթը Միխայիլ Սահակաշվիլիի համար նախագահի պաշտոնում վերջինը կլինի: Սովորության համաձայն` նիստերի դահլիճում նախագահի ելույթին մասնակցում են կառավարության անդամներն ու ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, պարզաբանել է «Նովոստի Գրուզիան»:
«Ես մտադիր չեմ ներկա գտնվել նախագահի ելույթին, քանի որ չեմ պատրաստվում հիմարություններ լսել»,- հայտարարել է Իվանիշվիլին: Վարչապետի խոսքով` եթե կառավարությանը հարկ լինի պատասխանել նախագահին` դա կանի ավելի ուշ:





























