Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ  խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեի առաջարկը «անտաղանդ» է անվանել: Այսօր՝ փետրվարի 5-ի մամուլի ասուլիսում, նա հայտարարել է, որ «այդ թեմայով մեծամասնությունը փոքրամասնության հետ առեւտուր չի անի»:

Դավիթ Բաքրաձեն փետրվարի 4-ին հայտարարել էր, որ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը» կաջակցի «Վրացական երազանքի» սահմանադրական փոփոխությունների ծրագրին, եթե վերջինս աջակցի «Միասնական ազգային շարժման» առաջարկած փոփոխություններին:

 «Բաքրաձեի անտաղանդ հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք այլ իրականության մեջ են գտնվում: Մենք չենք պատրաստվում սակարկել, մեզ պետք չէ նրանց օգնությունը եւ քվեն», - հայտարարել է վարչապետը: Ըստ նրա՝ «եթե խորհրդարանական փոքրամասնությունը չաջակցի իրենց նախաձեռնությանը, երկիրը դրանից չի տուժի, այլ կտուժի հենց փոքրամասնությունը»:

«Նովոստի Գռուզիան» հայտնում է, որ խորհրդարանական մեծամասնությունը նախաձեռնել էր Սահմանադրությունում երկրի նախագահի մի շարք լիազորությունների փոփոխության նախագիծ: Նախագծով առաջարկվում է նախագահին խորհրդարանը ցանկացած պահի ցրելու իրավունք տրամադրել: Միաժամանակ, նախագահն իրավունք չի ունենա երկրի կառավարությունը ցրել՝ առանց խորհրդարանի համաձայնության: 

Իրենց հերթին «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները հանդես են եկել  երկրի արտաքին ուղղությունն օրենսդրական մակարդակով, այդ թվում նաեւ՝ Սահմանադրությամբ,  ամրագրելու նախաձեռնությամբ: Ըստ նրանց՝  երկրի օրենսդրությամբ պետք է ամրագրվի ՆԱՏՕ եւ ԵՄ ինտեգրվելու Վրաստանի ուղղության անփոփոխությունը,  գրավյալ տարածքները չճանաչելը, ինչպես նաեւ այն, որ Վրաստանը պետք է հրաժարվի «ԱՊՀ-ում եւ նրա ինքնիշխանությանը սպառնացող  այլ կազմակերպություններում» անդամակցությունից:

«Գռուզիա օնլայն» -ի տեղեկացմամբ, Իվանիշվիլին ընդգծել է, որ տվյալ նախաձեռնությունն անգամ քննարկելու մտադրություն չունի: «Դա ծիծաղելի է, նման բան ոչ մի տեղ չկա, ոչ մի Սահմանադրության մեջ, եւ մենք մտադիր չենք դա անել, թեպետ մեր արտաքին քաղաքականության ուղղվածությունը դեպի ԱՄՆ եւ Եվրոպա ռազմավարական է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն զուգընթաց»,- նշել է նա:

Պարզաբանելով Սահմանադրության մեջ «Վրացական երազանքի» առաջարկած փոփոխությունները՝ Իվանիշվիլին հայտարարել է, որ խորհրդարանի կողմից նախագահին ընտրելու մասին փոփոխությունն օրակարգում չկա: