Մոսկվայում ավարտվել է նախկինում «Աջ ուժերի միություն» (ԱՈւՄ) կուսակցության քաղխորհրդի նախագահական անձնակազմի անդամ Մարիա Գայդարի եւ «Պառնաս» կուսակցության համանախագահ Բորիս Նեմցովի հարցաքննությունը` ԱՈւՄ-ից կատարված հափշտակումների գործի առնչությամբ:
Հարցաքննությունից առաջ Գայդարը հայտարարել էր, որ ինքը քննիչներին ասելու ոչինչ չունի, քանի որ նա ֆինանսական ոչ մի որոշում չի կայացրել:
Իր հերթին Նեմցովը հրաժարվել է պատասխանել քննիչների հարցերին, նա «քննիչին է տվել իր գրավոր ցուցմունքը»: Ավելի վաղ «Պառնաս»-ի համանախագահը սոցկայքի իր էջում ԱՈւՄ-ից միջոցների հափշտակման գործի վերաբերյալ ցուցմունքներ է հրապարակել: Դրանցում նա նշել է, որ կուսակցությունը 2004 թվականից նա չի ղեկավարել, եւ տեղեկություն չունի 2007 թվականին կնքված պայմանագրերի մասին:
«Ալեքսեյ Նավալնիի հանդեպ կուսակցության անդամների կամ աշխատակիցների կողմից որեւէ պահանջների մասին ես չգիտեմ: Համոզված եմ` նա ԱՈւՄ-ի ֆինանսների եւ կարողության հանդեպ հափշտակման կամ խարդախ գործողություններ չի կատարել»,- գրել է Նեմցովը: Նա անօրինական է համարել տվյալ փաստի դեմ քրեական գործի հարուցումը տուժող կողմի բացակայության պատճառով, հայտնում է «Ուտրո.ռու»-ն: Ավելին` 2009 թվականին ԱՈւՄ-ի քայքայվելուց հետո կազմակերպությանը իրավահաջորդ չուներ: Նեմցովը հարուցված քրեական գործը համարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ցանկությամբ հարուցված մյուս գործերի նման «քաղաքականապես դրդված»` ցանկացած գնով Ալեքսեյ Նավալնուն պատասխանատվության ենթարկելու համար:
Նախօրեին այդ քրեական գործի շրջանակում որպես վկա հարցաքննվել է նաեւ կուսակցության նախկին համանախագահ Լեոնիդ Գոզմանը, ով նույնպես այդ գործն անվանել է քաղաքականապես դրդված:
Հետաքննության վարկածով` «Ալեկտ» ընկերությունը, որը ղեկավարել է Ալեքսեյ Նավալնին, 2007 թվականին ԱՈւՄ-ից ստացել է 107,8 մլն ռուբլի` գովազդային գործունեության համար: ՔԿ-ում համարում են, որ Նավալնին գումարը փոխանցել է միօրյա ֆիրմաների հաշիվներին: Ալեքսեյ Նավալնին արդեն մեղադրվում է մի քանի քրեական գործերով, նրանից չբացակայելու ստորագրություն են վերցրել:





























