Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային մեղադրել է վախկոտության մեջ, քանի որ վերջինս չէր ներկայացել  հարցաքննության:

Բիձինա Իվանիշվիլին այդ մասին ասել է փետրվարի 5-ին իր 100-օրյա կառավարմանը նվիրված մամուլի ասուլիսում, հայտնում է  «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան փետրվարի 1-ին հայտնել էր, որ չի կարող ներկայանալ Վրաստանի Ֆինանսների նախարարության Քննչական ծառայություն՝ միջոցների յուրացման գործով հարցաքննությանը, քանի որ ծանուցումն ուշացումով էր ստացել  եւ օրն արդեն ծրագրել էր: Փետրվարի 2-ին Քննչական ծառայության ներկայացուցիչներն անձամբ էին գնացել քաղաքապետի աշխատավայր, եւ քաղաքապետարանում նրա հարցաքննությունը տեւել էր մի քանի ժամ: 

Վարչապետը նաեւ նշել է, որ Սահակաշվիլին, Մերաբիշվիլին եւ Ուգուլավան խուճապի մեջ են եւ փորձում են այդ խուճապը փոխանցել բնակչությանը: 

Իվանիշվիլին ընդգծել է, որ «եթե մինչ այժմ Միխայիլ Սահակաշվիլին, Վանո Մերաբիշվիլին, Գիգի Ուգուլավան  եւ Զուրաբ Ադեիշվիլին փորձում էին վիրտուալ տարածել սեփական երջանկությունը, այժմ նման կերպ փորձում են տարածել իրենց խուճապը»:

Բիձինա Իվանիշվիլին նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի՝ սեփական ճակատագրի մասին  մտավախություննները համարում է «բավական արդարացված», հաղորդում է  «Գռուզիա օնլայնը»:

Իվանիշվիլին կարծում է, որ տհաճ հարցեր կուղղվեն նաեւ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին եւ արտասահմանում թաքնվող արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին:

«Երբ ես հարցրի Սահակաշվիլիին, թե որտեղ է թաքնվում իր նախարարը, պատասխանեց, որ նա տրամվայով շրջում է Եվրոպայում, ես առաջարկեցի  գումար հատկացնել տրոլեյբուսի համար, որպեսզի գա Վրաստան, որտեղ բազմաթիվ հարցեր կան», - ասել է վարչապետը: