Նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը վստահում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական փորձին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը: Նա ստեղծված քաղաքական իրադրության մեջ կարծում է, որ նոր ընտրություններ պետք է անցկացվեին: «Դա հարված կլիներ քրեաօլիգարխիկ համակարգին: Այնուամենայնիվ հարգում եմ Պարույր Հայրիկյանի որոշումը»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը:
Խոսելով Հայրիկյանի որոշման դրական եւ բացասական կողմերի մասին, նա ասաց. «Դրականն այն է, որ, ըստ Հայրիկյանի, միջադեպը չի ազդում քաղաքական գործընթացի վրա: Ես շարունակում եմ կարծել, որ այս ընտրությունները շինծու են եւ այն ինչ տեղի ունեցավ Հայրիկյանի հետ, շինծու ընտրությունների բաղադրիչներից մեկն է: Իսկ բացասականն այս որոշման մեջ այն է, որ նպաստում է այն տեսակ գործողությունների վերարտադրությանը ինչ կատարվեց Հայրիկյանի դեմ»:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե այդ որոշումից հետո ինքն ակնհայտորեն շահեկան դիրքերում է, քանի որ նախապես հայտարարել էր, որ նույնիսկ ընտրությունների երկարացման դեպքում շարունակելու է հացադուլը, Ղուկասյանն ասաց. «Ի սկզբանե ես տրամադրվել էի 6 շաբաթվա հացադուլի: Երբ որոշում էի կայացնում, ենթադրում էի, որ տեսականորեն կարող են պատճառներ լինել ընտրությունները հետաձգելու համար»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը եւ ավելացրեց, որ եթե նոր ընտրություններ անցկացվեին, ապա ինքը բնականաբար հացադուլը կդադարեցներ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























