Հայաստանի Սյունիքի մարզի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատական նահանգի միջեւ իրավական հետեւանք առաջացնող որեւէ համաձայնագիր կնքված չէ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից; Ըստ հաղորդագրության՝ «Էկոլուր» ՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերը երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, որոնք անվանվել են «Համաձայնագիր»:
Այդ փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները: «Համաձայնագիր» կոչվող փաստաթղթերն ստորագրել են երկու պատվիրակությունների գյուղատնտեսության հարցերով պատասխանատուները, եւ դրանցում արտացոլված հարցերը պետք է վերջնական լուծում ստանան ներպետական մակարդակով, իսկ անհրաժեշտության դեպքում` անցնեն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր:
«Հայտնում ենք նաեւ, որ անկախ փաստաթղթերի իրավական կարգավիճակից, հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով: Քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել եւ իրենց գրանցումը չեն ստացել համապատասխան պետական մարմնում, նշված փաստաթղթերի շրջանակում Սյունիքի մարզում արոտավայրերի վարձակալման մասին խոսելը տեղին չէ»,-նշված է նախարարությա հաղորդագրության մեջ:





























