Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոն Քերիին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Նամակում մասնավորապես, ասված է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ միջնորդական ջանքերը եւ համոզված ենք, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Միացյալ Նահանգները՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի հետ համատեղ, կշարունակեն նպաստել Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգանքի վրա»:

ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել Արցախի ժողովրդին եւ երիտասարդ պետականությանը ԱՄՆ-ի կողմից շարունակաբար ցուցաբերվող օգնության համար:

«Մենք ակնկալում ենք տեւական, սերտ եւ արդյունավետ համագործակցություն Ձեզ հետ եւ հավատացած ենք, որ Ձեր ակնառու փորձն ու տեսլականը կնպաստեն Հարավային Կովկասի տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղության եւ կայունության ամրապնդմանը»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի ուղերձում: