Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմի՝ Ստամբուլի հայտնի Բողազիչի համալսարանի մասին արված մեկնաբանությունը մեծ արձագանք է գտել թուրքական հասարակության մեջ։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝  Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը մի առիթով պատմել է թե ինչպես է համալսարան ընտրել։ Նախարարը նշել է, թե սկզբում մտել է Բողազիչի համալսարան եւ այգում տեսել միասին նստած տղաների եւ աղջիկների։ «Ես շատ զարմացա։ Մտածեցի, որ այստեղ ճանապարհից կշեղվեմ եւ գնացի Ստամբուլի տեխնիկական համալսարան»։

Նախարարի այս խոսքերը սոցցանցերում օրվա թեման են դարձել։

Նախարարի խոսքը դարձել է երգիծական Penguen շաբաթաթերթի առաջին էջի ծաղրանկարը, որտեղ նախարարը հարցնում է համալսարանի այգում նստած մի աղջկա, թե նա ինչպես է այդտեղ հայտնվել։ «Տարիներով սովորել եմ, քննությանն էլ բարձ միավոր եմ հավաքել ու ընդունվել եմ այստեղ»,-ծաղրանկարում պատասխանում է աղջիկը։