Ի տարբերություն մնացած թեկնածուների, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը սկսվում է անվտանգության հարցերից՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ի մամուլի ասուլիսում նշել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
«Չկա այնպիսի բնագավառ, որն ընդգրկված չլինի մեր թեկնածուի նախընտրական ծրագրում: Բնականաբար, կոռուպցիայի հետ կապված խնդիրները նույնպես ընդգրկված են այնտեղ, քանի որ եթե խոսքը երկրի զարգացման մասին է, դրա դեմ պայքարելն առաջնային նշանակություն է ստանում», - նշել է պատգամավորը:
Մեկնաբանելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի՝ իրենց առաջարկությունները եւ պահանջներն հաշվի առնելու դեպքում ՀՀԿ-ի թեկնածուին սատարելու վերաբերյալ հայտարարությունը, Արտակ Դավթյանն ընդգծել է, որ իրենց կուսակցությունը երբեք չի արհամարհել ոչ մեկի մեկնած ձեռքը եւ միշտ էլ սեղմել է այն:





























