Վրաստանի ՆԳՆ-ի նոր ղեկավարությունը գերատեսչության արխիվում հանրապետությունում շատ հայտնի մարդկանց (այդ թվում՝ քաղաքական գործիչներին) վերաբերող բազմաթիվ տեսա- եւ ձայնագրություններ է հայտնաբերել: Այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին, որն այդ պաշտոնում նշանակվել է նախորդ տարի:
«Գաղտնի արխիվում մենք հայտնաբերել ենք ամբողջ տարվա իմ հեռախոսազրույցները: Այլ հետաքրքիր նյութեր էլ ենք հայտնաբերել, այդ թվում բազմաթիվ հայտնի մարդկանց կյանքի տեսակադրեր: Դա նողկալի է: Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք՝ ում հետ ենք գործ ունեցել, եւ ինչպիսի մեթոդներով են նրանք աշխատել հակառակորդների դեմ: Դա բավական ծավալուն արխիվ է՝ բավական ծանր կադրերով, մենք չենք պատրաստվում դրանք հրապարակել, սակայն շուտով կհարցաքննվեն որոշակի անձինք: Այդ փաստերի առթիվ քննություն է ընթանում», - ասել է Գարիբաշվիլին «Ռուսթավի» հեռուստաընկերության եթերում:
«Դա կնքված արխիվ է, որը կոչնչացվի: Հանրությունը կտեղեկացվի այդ մասին», - ընդգծել է նախարարը, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:





























