Քաղաքացիական ծառայության համակարգում տեսանելի է կուսակցականացման ոչ նպատակահարմար լինելը, որը համակարգի կայունությանը մեծ վնաս է հասցնում: Նման սենսացիոն հայտարարություն արեց այսօր՝ փետրվարի 6-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ ՀՀ Ազգային Ժողովում պատասխանելով պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար քաղծառայողների կողմից կուսակցական կրծքանշան կրելը:

Ավելին, ըստ Մ. Բադալյանի, քաղծառայության համակարգում  մեկ այլ բացասական երեւույթ կա, որը նա անվանեց «կուսակցափոխություն»: Այսինքն՝ երբ մարմնի նոր ղեկավարն այլ կուսակցությունից է լինում, ու ենթակաները սկսում են համատարած փոխել կուսակցությունը:

«Տարօրինակ է, որ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի մրցույթի ժամանակ առաջին հերթին ի ցույց է դնում ոչ թե գիտելիքը, այլ կրծքանշանը»,- ասաց Մ. Բադալյանը:

Այս հայտարարությանը արձագանքեց նաեւ ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ասելով՝ «Եթե գիտելիք չունի, անկախ կուսակցական պատկանելությունից եւ կրծքանշանից՝ չպետք է աշխատի»: