Ադրբեջանում հերթական «կարեւոր ամսաթիվն է»՝ «հերոս» Մուբարիզ Իբրահիմովի ծննդյան տարեդարձը, որին նվիրվել են ընդարձակ հրապարակումներ: 

Կարծես Ադրբեջանի սահմաններից դուրս քչերն են հիշում՝ ում մասին է խոսքը: 2010թ. հունիսին  Ադրբեջանը դիվերսիա էր ձեռնարկել  Ղարաբաղի ուղղությամբ, որի հետեւանքով երկու կողմերից էլ զոհեր եղան:

«Իբրահիմովը միայնակ անցել է երկու բանակների միջեւ ձգվող  կիլոմետրանոց ականապատ հատվածը եւ ոչնչացրել բազմաթիվ զինվորների ու սպաների: Այնուհետեւ, օգտագործելով թշնամու զենքը, նա հինգ ժամ միայնակ պայքարել է: Առավոտյան Իբրահիմովը հերոսաբար զոհվել է հայ զավթիչների դեմ անհավասար մարտում», - ժամանակին ԱՊԱ գործակալությունը այդպես էր նկարագրել «հերոսի» մահը՝ փաստորեն հաստատելով, որ ադրբեջանական կողմը ոչ միայն հաշվի չի առնում հրադադարի ռեժիմի մասին համաձայնությունը, այլեւ ակտիվորեն տարբեր դիվերսիաներ է նախաձեռնում: 

Այսօր Իբրահիմովը կդառնար 25 տարեկան: Ադրբեջանական մարդատյաց քարոզչամեքենայի եւս մեկ զոհ հետմահու դասվել է Ադրբեջանի ազգային հերոսների շարքում: Իբրահիմովի մահն ամբողջովին օգտագործվեց քարոզչական  նպատակներով:  Կանգնեցվեց հուշարձան, նրա անունով անվանվեցին փողոցներ եւ ուսումնական հաստատություններ, նրան հետմահու հերոսի կոչում շնորհեցին:

Միաժամանակ, Ադրբեջանը շարունակում է բազմապատկել այդպիսի «հերոսներին»:  Միջազգային հանրությանը ցնցած կացնով մարդասպանն էլ հայրենիքում հերոսի կոչման եւ մեծարման արժանացավ: Բացառապես հայ սպանելու հատկանիշով «հերոսներ» ստեղծելուն  զուգահեռ, Ադրբեջանում ինտենսիվությամբ զենք-զինամթերք են գնում, դպրոցներում բացվում են ռազմականացված դասարաններ:

Ադրբեջանի իշխանությունների որոշելիքն է, թե ինչպիսի քաղաքականություն վարեն եւ ինչպիսի հերոսների  դաստիարակեն, սակայն ավելորդ չէ հիշեցնել՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Պատմությունը վկայում է, որ վաղ թե ուշ ատելության քաղաքականությունը այն սերմանողի դեմ է շրջվում: