Չինաստանում փետրվարի 9-10-ին՝ չինական Նոր տարվա տոնակատարությունների ընթացքում երիտասարդների «երկրորդ կեսի» բացակայության խնդրին յուրօրինակ լուծում են տվել: Երկրի ամենահայտնի Taobao համացանցային շուկան ծառայություն է ստեղծել, որտեղ վարձու «բոյֆրենդ» են առաջարկում:
Վարձակալությունն արժե միջինը օրական 50 դոլար: Որոշ ծառայությունների համար առանձին գին է սահմանված, օրինակ՝ համատեղ ընթրիքը՝ մեկ ժամվա դիմաց հինգ դոլար, այտ համբուրելը՝ ութ դոլար, գրում է NEWSru.com-ը:
Եթե կեղծ «բոյֆրենդը» Նոր տարվա գիշերը հաճախորդի ընտանիքի հետ դիմավորի, առանձին անկողնու համար 80 դոլար կպահանջի կամ 95 դոլար՝ բազմոցին գիշերելու համար: Ընդ որում՝ ծառայությունների շարքում սեքս չի առաջարկվում:
Վարձու «բոյֆրենդներից» մեկը խոստովանել է, որ «կանչով կողակից» որոշել է դառնալ ոչ թե փողի համար, այլ հետաքրքրությունից դրդված:
«Դա շատ հետաքրքիր է: Գուցե նման հայացքների տեր աղջիկ գտնեմ, եւ մենք երջանիկ լինենք»:
Տղամարդիկ եւս կարող են կեղծ ընկերուհիներ վարձել, բայց ծանոթությունների կայքի խորհրդատու Չժոու Սյաոպինը ասում է, որ իրականում կանայք մեծ ճնշումների են ենթակա, հետեւաբար տղամարդկանց պահանջարկն ավելի մեծ է:





























