2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են 6 միջազգային եւ 24 տեղական կազմակերպություններ, նաեւ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ:
ԿԸՀ պաշտոնական կայքի փոխանցմամբ` գրանցվել են ԱՅ ՍԻ Ի Էս-ը (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն), ԱՅ Էֆ Սի Էս-ը (Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովն ու ԱՊՀ դիտորդական առաքելությունը:
Փետրվարի 8-ի դրությամբ` գրանցվել են 24 տեղական կազմակերպություններ` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (81 դիտորդ), «Ժողովրդավարական եւ ընտրական գործընթացներ» ՀԿ-ն (36 դիտորդ), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»-ը (82 դիտորդ), «Ընտրական համակարգերի կենտրոն» (60 դիտորդ), «Դիլնետ սերվիս» (71 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (1504 դիտորդ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» (285 դիտորդ), «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» (65), «Հարմոնիա» (470 դիտորդ), «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն» (15), «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (67), Հայաստանի Հելսինկյան կոմիտե (103), «Արմավիրի զարգացման կենտրոն» (275), «Գորիսի երիտասարդական միություն» (176), «Իրազեկ» (31), «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» (73 դիտորդ), «Իրավունքի Եվրոպա միավորում» (48), «Շահեն» (129), «Քաղաքացու իրավունքների պաշտպան» (7), «Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայաթդա» ֆեդերացիա» (26), «Երիտասարդական ակումբների դաշնություն» (69 դիտորդ), «Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» (5), «Հաշմանդամների «Փարոս» կրթության եւ մշակույթի զարգացման կենտրոն» (4) եւ «Ազատ հասարակության ինստիտուտ» (1468) հասարակական կազմակերպությունները:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չեն մասնակցում ընտրություններին, ոչ թեկնածու են առաջադրում, ոչ էլ սատարում են առաջադրված թեկնածուներին: ԿԸՀ-ն հաստատել է 7 թեկնածուի` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 21-ին:





























