ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:

Նա նշեց, որ առավոտյան բժիշկներով կոնսիլիում են հրավիրել եւ քննարկել Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը: Գագիկ Մանուկյանը խոսքով` այսօր համեմատաբար աջ ձեռքի ցավը ավելի թույլ է, մատները սկսել են աշխատել, նախագահի թեկնախուն եւս նշել է, որ առաջընթաց է զգում: «Դրական դինամիկա կա, Հայրիկյանը իրեն լավ է զգում»,- ասաց նա:  Այսօր Պարույր Հայրիկյանը կմնա հիվանդանոցում, վաղը պարզ կլինի` երբ նա դուրս կգրվի:

ԱԻՄ արտաքին կապերի պատասախանատու, նրա ընկեր Կարո Եղնուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ ՍԴ դիմումը պատրաստ է, մնում է Հայրիկյանը վերջնական որոշում կայացանի` դիմում է, թե ոչ: Իսկ դա կախված է նրա առողջական վիճակից: Եթե որոշեն դիմել ՍԴ, ապա դիմումը կներկայացնեն ժամը 15.00-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին: Դրանից հետո երեկ` փետրվարի 8-ին, Հայրիկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, թե մինչեւ ժամը 18.00-ն դիմելու է ՍԴ` ընտրությունները հետաձգելու համար, սակայն խնդրելու է, որ դիմումը մուտքագրվի փետրվարի 10-ի ամսաթվով եւ հնարավորություն լինի ամեն րոպե հետ վերցնել դիմումը, որովհետեւ կարողէ  առողջական վիճակը լավանալ եւ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն չլինի:Այոնւհետեւ Հայրիկյանի շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, թե ՍԴ-ի հետ ճշտել են եւ նրանք պատրաստ են դիմում ընդունել նաեւ փետրվարի 10-ին, ուստի իրենք կսպասեն մինչ կիրակի եւ եթե առողջական վիճակը չլավանա, կդիմեն:

Հիշեցնենք, որ  Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ  կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության  համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված,   Սամվել Արամայիսի Հարությունյանը: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: Ա. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: