Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ունի ամենամեծ շանսերն առաջին փուլում հաղթանակ տանելու նախագահական ընտրություններում: Այդ մասին այսօր` փետրվարի 9-ին կայացած ասուլիսում հայտնել են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: ՀԵԲ-ի պատվերով հարցումն իրականացրել է TNS opinion ընկերությունը:

Հարցումն իրականացվել է հունվարի 31-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում` Երեւանում եւ մարզերում բնակվող 1609 մարդկանց շրջանում, եւ ըստ այդ հարցումների Սերժ Սարգսյանը ստացել է ընտրողների 58 տոկոսի ձայները: Նա նվազում է արձանագրել նախորդ` հունվարի 15-20-ն իրականացված հարցման համեմատ, երբ ստացել էր 68,6 տոկոս:

Ամենամեծ առաջընթացը գրանցել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` 33 տոկոս նախորդ հարցման 20,8 տոկոսի դիմաց:

Պարույր Հայրիկյանը ստացել է 4,9 տոկոս (նախորդում` 4,8 տոկոս), Հրանտ Բագրատյանը` 2,8 տոկոս (նախորդում` 4,4 տոկոս):

Մյուս չորս թեկնածուների ձայները չնչին են: Այսպես, Արամ Հարությունյանը, ով արդեն լքել է ընտրարշավը, ստացել է 0,6 տոկոս (նախորդւոմ` 0,3), Վարդան Սեդրակյանը երկու հարցումների ժամանակ էլ ստացել է 0,5 տոկոս, Անդրիաս Ղուկասյանը` 0,5 տոկոս (նախորդում`0,3 տոկոս), իսկ Արման Մելիքյանը երկու հարցման արդյունքում էլ ստացել է 0,0 տոկոս: