Հայաստանի նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը չի մեկնաբանում այն տեղեկությունը, թե Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալված 46-ամյա Խաչատուր Պողոսյանը եւ 40-ամյա Սամվել Հարությունյանը իր հարեւաններն ու տունը վերանորոգողներն են: Այս մասին NEWS. am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:
Նրա խոսքով, դա ինչ-որ քննարկման առարկա չէ: «Գիտեք ինչ կա, նախաքննություն է ընթանում եւ այս ընթացքում շատ լրատվամիջոցներ շատ բան կարող են գրել: Քանի դեռ նախաքննություն իրականացնող մարմինների կողմից չկա կոնկրետ պաշտոնական հայտարություն այդ հարցերի հետ կապված, որեւէ ցանկություն չունեմ: Երբ լինի պաշտոնական հայտարություն, այդ ժամանակ կմեկնաբանեմ: Ես հո Հայաստանից չկորա: Այդ ժամանակ մեկնաբանություններ էլ կլինեն, ամեն ինչ էլ կլինի: Իսկ մինչեւ նախաքննության ավարտը, որեւէ բան ասելու մտադրություն չունեմ»,- ասաց Վարդան Սեդրակյանը: Հարցին, թե գործով հարցաքննվել է, Սեդրակյանն արձագանքեց. «Բացարձակապես ոչ: Այդ գործով ինձ նույնիսկ որեւէ մեկը չի զանգել եւ, որեւէ բան չի ասել: Ի՞նչի համար ես պետք է հարցաքննվեի»:
Դիտարկմանը, թե այսօրինակ տեղեկության հրապարակումից հետո մտավախություններ չունի, նշեց. «Բացարձակապես մտավախություն չունեմ, որ ինձ ուղղված որեւէ հարցեր կարող են առաջանան: Եթե մինչեւ այսօր ես իշխանություններից որեւէ զանգ չեմ ստացել եւ նախաքննություն է ընթանում ես ինչպես կարող եմ լրատվամիջոցների ասածները մեկնաբանել: Եթե հիշում եք, լրատվամիջոցները ասում էին, որ ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ եմ, հետո փոխեցին պասկական: Հիմա ի՞նչ` ինչ ասում են, պե՞տք է մեկնաբանեմ»:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, Ա. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























