Ըստ Gallup-ի հարցման արդյունքների` հարցված ընտրողների 69 տոկոսը նշել է, թե քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին, որը 3 տոկոսով ավելի է, քան հունվար ամսին էր: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Gallup-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն՝ ներկայացնելով «ArmNews» հեռուստաընկերության պատվերով Baltic Surveys/Gallup Organization-ի եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից հունվարի 25 –փետրվարի 2-ըանցկացված «Հայ ընտրողների տրամադրվածությունը Նախագահական ընտրություններից առաջ-2013» նախագծի երրորդ հարցման արդյունքները:
Հարցված ընտրողների 11 տոկոսը ասել է, թե քվեարկելու է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, 5-ական տոկոս՝ Պարույր Հայրիկյանի եւ Հրանտ Բագրատյանի օգտին, 1 տոկոս՝ Անդրիաս Ղուկասյանի օգտին, իսկ Արամ Հարությունյանին, Արման Մելիքյանին եւ Վարդան Սեդրակյանին աջակցում են ավելի քիչ, քան 1-ական տոկոսը: Հարցվածների 9 տոկոսը դեռ չի որոշել, թե որ թեկնածուին կաջակցի, իսկ հունվարի կեսին այդ ցուցանիշը 16 տոկոս էր:
Մեկ հետաքրքիր հանգամանք եւս: Ընտրողների մեծամասնությունը, որոնք աջակցում են Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին, հաստատուն են իրենց որոշման մեջ, մինչդեռ այլ թկենածուների ընտրողներից երեքից մեկը կամ երկուսից մեկը դեռ որոշում են, թե որ թեկնածուին ընտրել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























