Հայ ընտրողները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հանդեպ:  Քարոզարշավի այս փուլում ընտրությունների օրը սպասվում է 66 տոկոս մասնակցություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Gallup Organization-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն:

«ArmNews» հեռուստաընկերության պատվերով Baltic Surveys/Gallup Organization-ի եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից անցկացվել է «Հայ ընտրողների տրամադրվածությունը Նախագահական ընտրություններից առաջ-2013»  նախագծի երրորդ հարցումը:  Այն անցկացվել է Հայաստանի բոլոր մարզերում հունվարի 25-ից փետրվարի 2-ը ընկած ժամանակահատվածում: Հարցումն արվել է «դեմ առ դեմ» սկզբունքով ընտրողի տանը, դրան  մասնակցել է հանրապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1017  չափահաս բնակիչ: Կարեւոր է նշել նաեւ, որ այս հարցման դաշտային աշխատանքը ավարտվել է փետրվարի 2-ին, հետեւաբար՝ հունվարի 31-ի  գիշերը թեկնածուներից մեկի վրա կատարված մահափորձը նշանակլի ազդեցություն չի ունեցել հարցման արդյունքների վրա:

Հարցման մասնակցածներից 49 տոկոսը նշել է, որ հաստատ մասնակցելու է ընտրություններին, մինչդեռ հունվարյան հարցման ժամանակ այս ցուցանիշը 39 տոկոս էր: 35 տոկոսը նշել է, որ «հավանաբար կընտրի»: Ռասա Ալիշաուսկենեն նշեց, որ պետք է հաշվի առնել, որ համապետական հարցման ժամանակ հարցում են անցկացրել միայն Հայաստանի այն քաղաքացիների շրջանում, որոնք փաստացի գտնվում են երկրում, մինչդեռ ընտրական ցուցակը ներառում է նաեւ նրանց, ովքեր արտասահմանում են: «Վերջին ընտրությունների մասնակցությունը բարձր արտագաղթի ցուցանիշ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, սովորաբար ցածր է  քան այն թվերը, որ ցույց են տալիս համապետական հարցումները»,- ասաց նա:

Հաջորդ հարցումը նախատեսվում է անցկացնել փետրվար18-ին կայանալիք նախագահական ընտրությունների օրը, եթե իհարկե դրանք չհետաձգվեն: