Ապահով Հայաստան կառուցելու համար հարկավոր է ճանապարհ բացել երիտասարդ եւ գործունյա մարդկանց համար։ Այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը Արթիկ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում:

«Ես պատասխանատու եմ իմ արարքների համար, բայց դա, իհարկե, չի նշանակում, թե քննադատությունն ինձ հաճելի է։ Ոչ։ Բայց այդ մասին պետք է խոսվի, որպեսզի հետագայում չկրկնվի։ Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Դաշտը ոչինչ չանողներից մաքրելով՝ մենք կարող ենք ճանապարհ բացել գործունյա, ունակ մարդկանց համար։ Հենց այդպես կարող ենք ապահով Հայաստան կառուցել։ Ով, եթե ոչ մենք, պետք է կառուցի մեր տունը, օջախը։ Հայաստանում չկա այնպիսի ոլորտ, որը փոփոխությունների կարիք չունենա։ Եւ մենք հետեւողականորեն կաշխատենք, որպեսզի  այդ փոփոխությունները հնարավորինս արագ արդյունք տան։ Համոզվածեմ, կանցնի որոշ ժամանակ, եւ այդ բարեփոխումներն անդառնալի կլինեն։

Մենք փորձում ենք փոխել մեր տնտեսության կառուցվածքը, մեր զբաղվածությունն ուղղորդում ենք առավելագույն արդյունք տվող ոլորտներին։

Բնական է, որ, չունենալով նավթ եւ գազ, իհարկե, առայժմ չունենալով, մենք հիմնական կապիտալը համարում ենք մարդկային ռեսուրսը։ Մենք պետք է նոր ունակություններ, գիտելիքներ հավելենք, ամենատարբեր նախապատրաստական ծրագրեր իրականացնենք, որպեսզի մարդկանց օգնենք գտնել իրենց տեղը արագորեն փոփոխվող ժամանակակից աշխարհում»։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am