Նախընտրական քարոզարշավի ավարտին Հայաստանում ընտրողները հավատում են ընտրություններին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մեթոդաբանական եւ վիճակագրական հարցերով  բրյուսելյան TNS opinion գրասենյակի տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցը:

Ներկայացնելով «Հայաստանը նախագահական ընտրությունների շեմին» հարցման արդյունքները, դոկտոր Շվարցը նշել է, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը զգալիորեն ամրապնդում է իր դիրքերը, սակայն, այնուամենայնիվ, առաջին փուլում հաղթելու հավանականություն ունի  գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք հարցումներ ենք անցկացրել քարոզարշավի ամենաթեժ ժամանակ` որակը ստուգելու համապատասխան մեթոդներ կիրառելով, եւ դրա շնորհիվ ստացել ենք վստահելի տվյալներ»,- նշել է մեթոդաբանական եւ վիճակագրական հարցերով բրյուսելյան TNS opinion գրասենյակի տնօրենը:

Այժմ պարզ է, որ Սերժ Սարգսյանն ունի վստահելի ընտրազանգված, որն երկու անգամ ավելի շատ է Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածից: Այնուամենայնիվ, հարցվածները նշել են, որ Հովհաննիսյանի քարոզարշավն ավելի համոզիչ է թվում եւ այն ուղղված է ավելի շատ տնտեսկան խնդիրների ուղղությամբ: Հետաքրքիր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ավելի շատ աջակցություն է ստանմում, քան գործող նախագահը»,- ասել է նա:

Եթե նախագահական ընտրություններն անցկացվեին անցած շաբաթ, ապա արդյունքներն այսպիսն կլինեին` Սերժ Սարգսյան- 58,0% , Րաֆֆի Հովհաննիսյան-33,0%: Երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը որոշելու համար TNS opinion-ը գնահատել է քվեարկության կայունությունը եւ հարցվածների բնութագրիչների վերլուծությունը:

Վերլուծությունը ցույց է տվել հետեւյալ արդյունքները` Րաֆֆի Հովհաննիսյանին կքվեարկեն 26%-34% ,Սերժ Սարգսյանին` 58-66%: Սրանով գործող նախագահի հաղթելու հավանականությունը բարձր է: