«Բոլոր սառեցված հակամարտությունները հղի են պատերազմով, այնպես, ինչպես լիցքավորված հրացանն ամեն վայրկյան պատրաստ է կրակելու»,- փետրվարի 10-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Նշելով, որ վերջին 12 ամիսներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ռազմաքաղաքական իրավիճակն էականորեն չի փոխվել, ու թեպետ ադրբեջանցի որոշ փորձագետներ շարունակում են պատերազմի վերսկսկման կոնկրետ ժամկետներ նշել, նա ընդգծեց, որ հարկավոր է պատերազմը վերսկսելու հայտարարությունները զանազանել բուն պատերազմից։ «Չնայած նրան, որ ադրբեջանական կողմն անընդհատ խոսում է պատերազմի հնարավոր վերսկսման մասին, դրան դեմ են անխտիր բոլոր միջազգային ուժերը, քանի որ այդ ուժերից յուրաքանչյուրն ուզում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի իր ուզած պայմաններով եւ իր ուզած ժամկետներում»,- նկատեց փորձագետը՝ միաժամանակ ընդգծելով, որ նույն այդ միջազգային ուժերի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից եւ Թուրքիայից էականորեն փոքրացնում են Հայաստանի հնարավորությունները։ «Ղարաբաղյան հարցի երկարաձգումը միանշանակորեն մեր օգտին չէ եւ ոչ մի լավ բան չի խոստանում,եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանը տարածաշրջանում այժմ արդեն գործ ունի ոչ միայն Ադրբեջանի, այլ, նաեւ Թուրքիայի հետ» ,- ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը։

Ամփոփելով՝ նա նկատեց, որ «պատերազմը փողոցի կռիվ չէ, այլ բարդ ու անկանխատեսելի գործընթաց, եվ Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է հույսը պատահականությունների վրա դնի»։