Երկաթգծի աբխազական հատվածը վերականգնելու շտապողական որոշումը ի վնաս Վրաստանի կլինի, փետրվարի 13-ին «Արեւելյան գործընկերության» շրջանակում անցկացված ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին

 «Այդ հարցի շտապողական որոշումը կարող է վնասել Վրաստանին եւ Ռուսաստանին Կովկասում տարածվելու հնարավորություն տալ, հաշվի առնելով նաեւ այն, որ Ռուսաստանը գնել է նաեւ Հայաստանի երկաթուղին: Վրաստանը դրանից ոչինչ չի շահի, բացի այդ, կբարդանա Աբխազիայի վերաինտեգրումը», - «Նովոստի Գռուզիա»-ի փոխանցմամբ՝ ասել է նախագահը:

Սահակաշվիլին անդրադարձել է նաեւ Վրաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանը՝ նշելով, որ այն անփոփոխ է: Նա նաեւ հավելել է, որ Վրաստանը մտադիր չէ որեւէ հետխորհրդային միության անդամակցելու: Ըստ նրա՝ իրենց երկիրն արդեն էներգետիկական անկախության է հասել, իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղու շինարարությամբ փորձում է հասնել նաեւ տրանսպորտային անկախության:

Հիշեցնենք, Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցումը վերականգնելու հարցը բարձրացվել էր «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո:

Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բաքու այցից առաջ կասկածի տակ էր դրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղու շինարարության նպատակահարմարությունը, իսկ Երեւանում հայտարարել էր, որ Վրաստանը ջանքեր է գործադրում աբխազական հատվածն արգելափակումից հանելու ուղղությամբ: Իր վերջին մամուլի ասուլիսում նա նաեւ նշել էր, որ դա բոլոր կողմերի շահերից է բխում: