ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարաններից մեկի` Բերքլիի, Միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտում փետրվարի 10-ին հանրային դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, ներկայումս Ֆուլբրայթ հիմնադրամի կրթաթոշակակիր Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: Նրա դասախոսությունը նվիրված է եղել Ադրբեջանի ու Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգերի համեմատական վերլուծությանը: Բացի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից` միջոցառմանը ներկա են եղել նաեւ Սան-Ֆրանցիսկոյում Ռուսաստանի Դաշնության եւ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունների ներկայացուցիչները:

Հայ գիտնականը Տեր-Մաթեւոսյանը հանգամանալիորեն վերլուծել է երկու պետությունների հետապնդած քաղաքականությունը խորհրդային ժամանակաշրջանի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ: Նա նաեւ ներկայացրել է համեմատական վերլուծություն, թե ինչպես է «տարածքային ամբողջականության վերականգնման» հիմնահարցն արտացոլված Վրաստանի եւ Ադրբեջանի կողմից համապատասխանաբար՝ 2005 եւ 2007 թթ. ընդունված ազգային անվտանգության հայեցակարգերում: Հարց ու պատասխանի ընթացքում Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի փոխհյուպատոս, քաղաքական ու տնտեսական հարցերով խորհրդական Էլման Աբդուլաեւը հնչեցրել է մի քանի հերթապահ քարոզչական նկատառումներ եւ «որպես ադրբեջանցի անկեղծորեն զղջացել 1988 թ. Սումգայիթյան ոճրագործությունների համար»: Տեղի ունեցած մտքերի փոխանակման ժամանակ կարծիքներ են հնչել, որ խաղաղության մասին մտածելուց առաջ Ադրբեջանը պետք է դադարեցնի հակահայկական քարոզչական հիստերիան եւ սթափ աչքերով նայի իրականությանը, տարածաշրջանում երկարատեւ կայության ու անվտանգության հաստատման գործընթացներին: