Այսօր` փետրվարի 21-ին մեկնարկել են «Մայրենիի օրվան» նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած տոնակատարությունները: Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր», որն իր արժանի տեղն ունի հայոց պետական տոնացույցում:
Տոնակատարությունների շրջանակում նախարար Հ. Հակոբյանը լեզվաբանների, գրականագետների եւ այլ անվանի մտավորականների ուղեկցությամբ այցելել է Օշական եւ ծաղիկներ դրել սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները եկեղեցու դպրատանը ներկա են գտնվել Մեծ ուսուցչի անունը կրող դպրոցի սաների՝ մայրենիին նվիրված տոնահանդեսին: Հ. Հակոբյանը, ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին, մայրենիի տոնի կապակցությամբ, նշել է. «Հայ ինքնության պահպանման համար չափազանց կարեւոր է մայրենիի իմացությունը, պահպանումն ու տարածումը: 2013թ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հռչակվել է հայոց լեզուն արժեւորելու, պահպանելու եւ սովորելու տարի: Այս տոնը պետք է ամեն օր ուղեկցի մեզ, եւ յուրաքանչյուրս պետք է մեր նվիրումը բերենք եւ սրբացնենք Մեսրոպ Մաշտոցին»:
ՀՀ սփյուռքի նախարարության եւ Հայաստանի գրողների միության կողմից համատեղ ստեղծված «Մայրենիի դեսպան» մեդալի առաջին օրինակը նախարարն ի պահ է տվել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու թանգարանին: Այնուհետեւ Հրանուշ Հակոբյանը Մ.Մաշտոցի անվան դպրոցը պարգեւատրել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
Մայրենիին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկել է «Արդի լեզվաքաղաքականության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովովը, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը: Նախարար Հ. Հակոբյանը բացման խոսքում շնորհավորել է բոլորին համազգային տոնի առթիվ եւ նշել. «Լեզուն աշխարհասփյուռ հայության գոյության եւ շարունակականության հիմքն է, ինքնության կերտման շարժիչ ուժը: Լեզվի կորուստն ազգային ինքնության կորուստն է, լեզվամտածողության, ազգի հոգեբանական կերտվածքի կորուստը, տանում է ձուլման ու օտարացման»: Անդրադառնալով տարբեր ոլորտներում ոսկեղենիկ մայերենիի անաղարտության պահպանման հիմնախնդիրներին, Հ. Հակոբյանը առանձնահատուկ շեշտել է. «Ի տարբերություն արեւելահայերենի արեւմտահայերենը մնացել է անտուն ու անհայրենիք, անհատների ու կազմակերպությունների հոգածության ներքո, բարերարների քմահաճույքից կախված»:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանը բացման խոսքում, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը գիտաժողովը նախաձեռնելու համար, ողջունել է գիտաժողովի մասնակիցներին եւ գոհունակություն հայտնեց ԳԱԱ-ում լեզվաքաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ արդյունավետ քննարկումներ անցկացնելու համար:
Արդի լեզվաքաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, բ.գ.թ. դոցենտ Վիկտոր Կատվալյանը, ով հիշատակել է 2005թ ՀՀ ԱԺ-ում Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելով ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվել է որպես Մայրենի լեզվի օր:
Գիտաժողովին մասնակցում էին նաեւ անվանի լեզվաբաններ, հայագետներ, գրականագետներ ՀՀ ԲՈՒՀ-երից, լեզվական հիմնախնդիրներով զբաղվող մասնագետներ:
Լեզվաքաղաքականության արդի հիմնախնդիրների, մայրենիի դասավանդման, եթերի եւ մամուլի լեզվի անաղարտության վերաբերյալ հետաքրքիր զեկույցներով հանդես են եկել նաեւ ՀՀ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն բ. գ. դ., պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ բ.գ.դ., պրոֆեսոր Սերգո Երիցյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ բ.գ.դ, պրոֆեսոր, Աելիտա Դոլուխանյանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը, Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դասախոս բ.գ.թ., դոցենտ Դավիթ Գյուրջինյանը եւ այլք:
Գրահրատարակչական եւ տպագրական ակտիվ գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք հայագիտական գործունեության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու համար ՀՀ սփյուռքի նախարարության եւ Վենետիկի Մխիթարյան Միաբանության «Հակոբ Մեղապարտ» համատեղ մեդալով պարգեւատրվել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանը:




























