Վրաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Լադո Վարձելաշվիլին ձերբակալվել է իր տանը կատարված սպանության կապակցությամբ հարցաքննությունից հետո:

«Գռուզիա օնլայնը» գրում է, որ երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարության աշխատակից 45-ամյա Դեւի Սիրաձեն օրերս վերադարձել էր Հունաստանից, եւ Վարձելաշվիլիի տանը նշել են նրա վերադարձը:  Վարձելաշվիլին որոշել էր հյուրերին ցույց տալ զենքերի իր հավաքածուն: Նա «ՏՏ» տեսակի զենքը փոխանցել է Զվիադ Քավթարաձեին, պատահական կրակոց է հնչել, որից Սիրաձեն վախճանվել է: Քավթքարաձեն ընդունել է իր մեղքը:

«Նովոստի Գռուզիան», վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարությունը, հայտնում է, որ զենքը գրանցված է եղել Վլադիմիր Վարձելաշվիլիի ազգականի անվամբ, որն էլ այն նախկին նախարարին նվիրել էր 2010թ.: Նախկին նախարարի հետ ձերբակալվել են նաեւ Զվիադ Քավթարաձեն եւ Վախթանգ Բիչաշվիլին, որը նույնպես հյուր է եղել նախկին նախարարի մոտ:  

Վարձելաշվիլիի փաստաբան Գոգիտա Գաբայիձեն հայտնել է, որ նախկին նախարարին մեղադրանք կներկայացվի Վրաստանի ՔՕ-ի 236-րդ հոդվածին համապատասխան՝ ապօրինի հրազեն ձեռք բերելու եւ պահելու: