Այսօրվա փոխկապակցված աշխարհում՝ միգրացիոն հոսքերի աճի պարագայում միգրացիան դարձել է ավելի քան 100 միլիոն կանանց կյանքի անբաժանելի մասը: Իրենց կյանքի տարբեր փուլերում այս կանանց մեծ մասը լքում են իրենց ծանոթ միջավայրը սովորելու, աշխատելու, ամուսնանալու, իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու կամ էլ վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար:
«Շատ կանանց եւ աղջիկների համար միգրացիան հնարավորություն է ընձեռում իրենց ներուժը ցուցադրելու, իրենց իրավունքները հատատելու եւ կիրառելու համար: Սակայն կին միգրանտները ենթակա են բռնության ենթարկվելու վտանգի», ասել է «Միգրացիայի միջազգային կազմակեպության գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգը:
Կին միգրանտները հիմնականում աշխատում են ոչ ֆորմալ ոլորտում՝ հաճախ չկարգավորվող (չլիցենզավորվող) մասնագիտություններով, ինչպիսին են տնային աշխատանքը, գյուղատնտեսությունը կամ ծառայությունները, որն էլ նրանց դարձնում է խոցելի շահագործման եւ չարաշահման համար: Թրաֆիքինգի զոհերի մեծ մասը նույնպես կանայք եւ աղջիկներ են:
Բացի այդ, գնալով աճում է կանանց թիվը ամբողջ աշխարհում 27.5 միլիոն ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) քանակում : Հետազոտությունը ցույց է տալիս, որ ճգնաժամի եւ հարկադրված տեղահանման իրավիճակներում ընտանիքի եւ սոցիալական միավորների քայքայման արդյունքում կանայք հայտնվում են ֆիզիկական եւ սեռական բռնության վտանգի առջեւ:
«Տղամարդիկ՝ որպես ընտանիքի անդամներ, կոլեգաներ, գործատուներ, հանրային հեղինակություններ կամ նույնիսկ օտարներ, կանանց դեմ բռնության համար հիմնական մեղավորներն են: Ուստի հատկապես կարեւոր է կանանց նկատմամբ բռնության արդյունավետ կանխարգելման գործում ներգրավել տղամարդկանց՝ սկսած համայնքային մակարդակից», նշել է Սվինգը:
Մոլդովայում ՄՄԿ-ն ակտիվորեն աջակցել է ընտանեկան ագրեսորների խորհրդատվության եւ աջակցության Մոլդովայի առաջին կենտրոնի ստեղծման եւ գործարկման գործում, որը բացվել է անցած տարվա դեկտեմբերին: Այն իր տեսակի մեջ առաջին հաստատությունն է, որը կանանց միգրացիայի բարձր մակարդակ ունեցող այդ երկրում տրամադրում է վերականգնողական ծառայություններ ընտանեկան բռնության ենթարկվածներին: Ակնկալվում է, որ այն կնպաստի ընտանեկան եւ գենդերային հավասարության քաղաքականությանը:
Այլ երկրներում, օրինակ Վիետնամում, ՄՄԿ-ն աջակցում է տղամարդ միգրանտների ինքնաօգնության խմբերի ձեւավորմանը՝ նպատակ ունենալով ավելացնել իրենց իրազեկվածության աստիճանը գենդերային անհավասարության եւ կանանց նկատմամբ բռնության հիմնահարցերի շուրջ: Այդ խմբերը խրախուսում են նրանց ընդունել եւ պաշտպանել տղամարդկայնության այլընտրանքային ոչ բռնի մոդելներ. մասնակիցների մեծ մասը շատ դրական է արձագանքում:
ՄՄԿ-ի ընթացիկ ծրագրերը ուղղված են օգնելու բռնության եւ թրաֆիքինգի ենթարկված զոհերին: Օրինակ, Տանզանիայում ՄՄԿ-ն իրականացնում է երիտասարդ աղջիկների եւ դեռահասների վերաինտեգրման ծրագիր, որի նպատակն է նվազեցնել նորից թրաֆիքինգի ենթարկվելու վտանգը՝ մասնագիատական վերապատրաստման եւ կյանքի հմտությունների ծրագրերի միջոցով, ինչի շնորհիվ նրանք դառնում են ինքնաբավ եւ կարող են վերամիավորվել իրենց ընտանիքի անդամների հետ:
«Զոհերին՝ իրենց իսկ վերականգնողական գործընթացը ղեկավարելուն աջակցելը նպաստում է հետագա շահագործումից խուսափելուն եւ օգնում է միգրանտ կանանց վերակառուցել իրենց կյանքը», ասում է Սվինգը՝ անդրադառնալով Էկվադորում ՄՄԿ-ի իրականացրած ծրագիրին, որի շրջանակներում հոգեբանական աջակցություն եւ ընտանեկան թերապիա է տրամադրվել բռնության, այդ թվում նաեւ՝ ընտանեկան բռնության, ենթարկված ավելի քան 1500 կին միգրանտների:
Թեեւ միգրանտ կանանց նկատմամբ բռնության դեպքերը հաճախ չեն էլ գրանցվում, ՄՄԿ-ն վստահ է, որ համայնքահեն կանխարգելման մեխանիզմների կարիքը կա՝ հավաստիանալու համար, որ միգրացիոն գործընթացը դառնում է ավելի անվտանգ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար:
Դրանք կարող են իրականացվել տարբեր ձեւերով: Օրինակ, Սոմալիում ՄՄԿ-ը նորարական գործընկերություն է հաստատել Panasonic ընկերության հետ, որի արդյունքում հազարավոր արեւային լապտերներ են բաժանվել ՆՏԱ ճամբարներում՝ ապահովելու կանանց եւ աղջիկների անվտանգությունը մթության ժամանակ: Այս համակարգերը եւ նմանատիպ ծրագրերը նշանակալիորեն նվազեցրել են գիշերները Պակիստանի ՆՏԱ ճամբարներումգենդերային բռնության դեպքերը:
Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ՄՄԿ-ն աջակցում է կառավարական օղակների կարողությունների զարգացմանը՝ ուղղված միգրանտ աշխատավորների՝ հատկապես կին տնային աշխատողների իրավունքների պաշտպանությանը: Նման աջակցությունը նաեւ նպատակ ունի հզորացնելու կանանց՝ օգնելով նրանց ավելի լավ հասկանալ իրենց իրավունքները եւ իրենց կարգավիճակի բարելավմանն ուղղված գործնական քայլերը:
«Այսօրե, երբ նշում ենք Կանանց միջազգային օրը, ես հպարտ եմ միգրացիոն գործընթացների յուրաքանչյուր փուլում կանանց նկատմամբ բռնությունը արմատախիլ անելուն ուղղված ՄՄԿ կոլեգաների ամբողջ աշխարհով մեկ բազմաթիվ եւ բազմազան նախաձեռնությունների համար: Շնորհիվ այս նորարար, գերդերային կողմը հաշվի առնող մոտեցումների, միգրացիոն քաղաքականությունները եւ ծրագրերը կարող են դառնալ հզոր գործիքներ՝ զարգացնելու կանանց իրավունքներն ու պարտականությունները ի շահ բոլորի», եզրափակել է Սվինգը:




























